«Գիտակցված ապրելու ժամանակաշրջան ենք մտել»
08.05.2020 | 00:38
«Իրատեսի» հյուրը գրող, պատմաբանասեր, կինոգետ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՆ է:
-Արծվի, կորոնավիրուսի պարտադրած ինքնամեկուսացումը համարվում է բարենպաստ շրջան գրելու և կարդալու համար: Համամի՞տ եք:
-Դեռևս չեմ լսել, որ մեկն այս շրջանում գրել է նախկինում իր ծրագրած գրելիքները կամ կարդացել չկարդացած գրքերը։ Ես միշտ հակված եմ մտածելու, որ ժամանակի սղությունը պատճառաբանելը, ինչ-որ բան չանելու համար, սոսկ թույլ պատրվակ է։ Ինքնամեկուսացումն իմ գրելու կամ կարդալու վրա հատուկ չի ազդել, ես շարունակում եմ գրել այն, ինչը մտքիս եղել է գրել, կարդալ այն, ինչն ինձ հետաքրքիր է, դիտել կամ վերադիտել այն ֆիլմերը, որոնք ցանկանում եմ դիտել (ցանկը կարելի է շարունակել)։ Հաստատ միայն գիտեմ, որ բարենպաստ չէ ամբողջ օրը բոլորով փակ տարածքում հայտնվելը։ Բայց ամեն բանի վերջը մի նորի սկիզբ է։ Օգտագործենք տվյալ պահի ընձեռած հնարավորությունները և առավելությունները՝ չսևեռվելով բացասական կողմերի վրա։ Ի վերջո, բարենպաստ պայմանները հասունանում են մարդու ներսում, որից հետո արտաքին պայմաններն արդեն շատ փոքր դեր են խաղում։ Գրելու ցանկություն և ասելիք ունեցողը երբեք էլ պատճառ չի բերի ժամանակի սղությունը կամ անբարենպաստ իրավիճակը։ Ինչպես աղբյուրը, որի ակունքը քարով փակես էլ, հորդելու մի այլ ճանապարհ կգտնի։
-Վեպ գրելը մեծ ջանք, համբերատարություն, հետևողականություն է ենթադրում: Երկու վեպ եք գրել՝ «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» և «Հնազը Ճահճավան քտայից»: Ծավալուն երկ ընթերցելը մերօրյա ռիթմին անհարիր զբաղմունք է: Սա հաստատվու՞մ, թե՞ հերքվում է Ձեր վեպերի օրինակով:
-Իսկ արդյո՞ք մեզ պարտադրված այդ ռիթմն իրոք անհրաժեշտ է մեզ։ Գուցե այն շեղու՞մ է մեզ իրական ներդաշնակության հասնելու ճանապարհից։ Ի վերջո, հիմա հարցեր տալու ժամանակն է։ Ո՞վ ենք մենք, ինչու՞ ենք եկել և ու՞ր ենք գնում։ Ո՛ր կողմ ուղղել հայացքդ, որո՛նք են կյանքիդ արժեքները։ Վազքից ու թոհուբոհից դուրս գալով՝ գիտակցում ես, որ մարդկությունը սխալ ուղղությամբ է շարժվում՝ ավերելով բնությունը, կարևորելով կյանքի արտաքին կողմերը, դեկորացիաները, պաշտելով նյութն ու փողը, շարժվելով երկակի ստանդարտներով, գործիք դարձնելով սուտը, մեջտեղից աստիճանաբար դուրս մղելով բովանդակությունը, ստեղծելով արհեստական սնունդ, համալսարան հրավիրելով պոռնոաստղին ու նրան 5000 դոլար վճարելով մեկ դասախոսության համար, իսկ գիտնականին՝ արհամարհելով, ստեղծելով տեխնիկա ու գրանցելով գիտական մեծ հաջողություններ, որոնք, սակայն, ոչ մի քայլ չեն մոտեցնում մեզ երջանկությանը, այլ ավելացնում կամ պարզապես ձևափոխում են բռնությունն ու անհանդուրժողականությունն իրար հանդեպ։ Սակայն երբ այժմ կանգնել ենք այսպիսի ճամփաբաժանի առջև, պիտի բոլորս հասկանանք, որ իրական արժեքները գրեթե չեն փոխվում։ Կան տիեզերական օրենքներ, որ գործում են թե՛ միկրո, թե՛ մակրո աշխարհում, ու դրանք անտեսելը հասցրել է մեզ հենց այս փակուղուն։ Ինչ վերաբերում է ծավալուն երկ ընթերցելուն, ապա լավ ստեղծագործությունը միշտ էլ կընթերցվի՝ անկախ ծավալից։ Մարիամ Պետրոսյանի՝ մերօրյա ռիթմի պայմաններում գրված գրեթե հազար էջից բաղկացած գիրքն այսօր կարդում են տասից ավելի լեզուներով, ես ինքս էլ ցանկություն ունեմ վերընթերցելու այն՝ ստուգելու ինքս ինձ ու ավելի խորամուխ լինելու նրա մեջ։ Նույնն էլ կասեմ վեպերի մասին. ով ցանկացել է կարդալ, կարդացել է՝ անկախ ամեն ինչից։ Ի դեպ, վերջերս իմացա, որ անգամ հայագիտություն ուսանող մի իտալուհի թեզ է գրել «Մուչիկի» թեմայով՝ կենտրոնանալով թարգմանական նրբությունների վրա և քննելով ինքնության խնդիրը տեքստի միջոցով...
-Ձեր վեպերի հերոսները՝ Մուչիկը և Հնազը, կյանքի արտառոց տարուբերումներին տրված մարդիկ են, ամեն մեկը յուրովի շեղված է ընդունված օրինաչափություններից: Այսօր, երբ բոլորս ենք արտառոց տարուբերումների մեջ, նոր հերոսներ չե՞ք նշմարում ապագա ստեղծագործությունների համար:
-Այս ընթացքում երկու ոչ ծավալուն գործ գրեցի, մեկի վրա էլ կես տարի է աշխատում եմ, դրանց հերոսներն ու թեմաները անցյալից են մեջս մնացել ու կարծես գեղարվեստական մարմնավորում են «խնդրում»։ Դեռևս չեմ տեսնում ձեր նշած մեր ժամանակների այդ նոր հերոսներին, բայց վստահ եմ, որ նշմարվելու են։ Գիտակցված ապրելու ժամանակաշրջան ենք մտել։ Այլևս չենք կարող պարզապես տրվել ընթացքին։ Իմ շրջապատում ավելացել են անձինք, որոնք հարցեր են տալիս և պատասխաններ փնտրում։ Տեսնում եմ անձնազոհ անհատներ, որոնք չունեն իրենց սեփական շահի գաղափարը, որոնք կարևորում են երկրագնդի վրա ապրող ընդհանուր ամբողջական մարդկությունն ու ընկալում են այն որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ և հասկանում ու պայքարում են ընդհանուրի, բոլորիս շահի համար։ Իրական հերոսներն ու առաջնորդները նրանք են, որոնք գիտակցության նոր, ավելի բարձր մակարդակ են ապահովում։ Որոնք շրջում են հայացքը ստանդարտ, ընդունված ճահճացած գաղափարներից և փնտրում իրենց նոր լուծումները։ Հիմա իրար հետ խոսելու, իրար լսելու, ընդհանուր որոշումներ կայացնելու ժամանակն է։ Եվ՝ հանուն բոլորիս հետագա գոյության։
-Համավարակը, բնականաբար, չի շրջանցել կինոն, միջազգային խոշոր կինոիրադարձությունները: Ի՞նչ պարտադրանքներ և մարտահրավերներ են այսօր դրված կինոյի առաջ:
-Արվեստն ընդհանրապես և կինոն մասնավորապես կրում են բոլոր ժամանակների մարդկության ձեռքբերումները, գիտակցության տարբեր մակարդակների տարրերը, սովորեցնում և առաջնորդում։ Միգուցե հասկանան, որ հերիք է փող մսխել դատարկ, ժամանցային, մեծ բյուջեով անբովանդակ գործերի վրա։ Մարդկությունն այլևս ժամանակ չունի կորցնելու։ Հիանալի ժամանակ է՝ ազդելու զանգվածների ուղեղների վրա, հաց ու զվարճանքից բացի մղելու մտածելու, տրամաբանելու, բացելու միտքն ու հոգին։ Օր օրի ավելի եմ համոզվում ու չեմ վախենում հնաոճ երևալուց. իսկական արվեստը պիտի սովորեցնի պատասխանատու մոտեցում սեփական ու այլոց կյանքի, մարմնի, հոգու ու ժամանակի, շրջակա միջավայրի, առհասարակ՝ ամեն ինչի հանդեպ։ Այլապես անիմաստ է։ Ինչ խոսք, հիանալի կլինի, եթե մերօրյա կինոբեմադրիչը կարողանա կինեմատոգրաֆիկ «զվարճանքի» միջոցով մարդկությանը հղել կարևոր, հրատապ ուղերձներ։ Այդ առումով հաճելի անակնկալ եղավ Կլիմ Շիպենկոյի՝ անցյալ տարի նկարահանված «Խոլոպը» կինոնկարը, որտեղ անհավանական, մտացածին դիպաշարի միջոցով արծարծվել են մարդու ճիշտ դաստիարակության, հասարակության մեջ մարդու պահվածքի կարևոր հարցեր։ Կինոյի մասին խոսելիս չեմ կարող ափսոսանքով չնշել, որ այս պարտադրյալ ինքնամեկուսացման պատճառով անորոշ ժամանակով դադարեցվեցին մի խաղարկային կինոնկարի նկարահանումները, որին ես նույնպես մասնակցում էի՝ ամեն կերպ աշխատելով օգտակար լինել բեմադրիչ ընկերոջս՝ հայազգի ամերիկյան կինոռեժիսոր և դերասան Մայքլ Գյուրջյանին, որի հետ վաղուց էինք երազում Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասին, և որի մեկնարկը տրված էր։ Լիահույս եմ, որ իրավիճակի փոփոխությունից հետո կվերսկսվեն այս միջազգային նախագծի աշխատանքները։
-Դուք մշտապես գտնվում եք բնապահպանական խնդիրների կիզակետում, արձագանքում եք միջավայրի համար վտանգ ներկայացնող երևույթներին: Արդյոք համավարակի դեմ ձեռնարկված քայլերը, ի վերջո, կվերաճե՞ն առավել լայնամասշտաբ գործողությունների՝ ուղղված երկրագունդը հետագա աղետներից ապահովագրելու նպատակին:
-Կյանքը դասապրոցես է, մարդկությունը հիմնական դպրոցն ավարտում է, հիմա պիտի քննություն հանձնենք, և հուսամ՝ կտեղափոխվենք հաջորդ մակարդակ։ Տեսնում ենք նախորդ մտածելակերպի սխալներն ու դրա հետևանքները, կարող ենք ճիշտ եզրահանգումներ անել։ Մեր ժամանակներում ամենակարևորը մեզ մեկ օրգանիզմ զգալու և այդպես գործելու գաղափարն է։ Մի օրգանիզմ է ցանկացած ընտանիք, որքան էլ տարբեր զբաղմունքներ ունենան անդամները, մի օրգանիզմ է ցանկացած երկիր՝ իր բնակչությամբ հանդերձ, և մի ամբողջական օրգանիզմ է մարդկությունը՝ մոլորակի։ Ինչ անենք շրջակա միջավայրում, մեր իսկ գլխին է ջարդվելու, ով ինչ անի, իրեն կանի։ Շատ էլ որ մեր արյան մեջ մի մեխ սարքելու չափ երկաթ կա, իսկ լյարդում՝ ոսկի, փորենք-տեսնե՞նք... Իսկ մարդն աղբանոց է դարձնում իր մարմինը՝ ամեն տեսակի անընդունելի անբնական սնունդ լցնելով ստամոքսը, ինչ բացասական միտք ու զգացմունք ասես, որ չի լցնում գլուխն ու հոգին, ստանում է ագրեսիա, բռնություն, պատերազմներ, որպես հետևանք՝ ստանում է մարմնական և հոգեկան հիվանդություններ։ Նույնը անում է տանը, շրջապատի, բնության հետ։ Արդեն մեր վերնոլորտում՝ մոլորակի շուրջը, քանի հազարավոր տոննա աղբ է պտտվում։ Խոզերն ամենևին էլ կեղտոտ չեն, չգիտեմ ում հետ համեմատեմ... Մի ֆիլմ-ահազանգ եմ տեսել մեղուների աստիճանական վերացման մասին, որը եթե չկանխվի, մարդկությունը մոտ ապագայում լիովին զրկվելու է պտուղ-բանջարեղենից։ Ուղղակի հրեշավոր մի փաստ, որը պիտի սթափեցնի իբրև թե գիտակից, բանական մարդուն։ Այս դադարը կնպաստի՞ դրան. տեսնենք։ Միգուցե մի կարճ ժամանակահատված մարդ արարածը շարունակի հիշել, որ մեր երկրագնդի հետ չպետք է վարվել, ինչպես աղբանոցի հետ։ Բայց քանի որ, ինչպես Էյնշտեյնն է նկատել, ի տարբերություն տիեզերքի անսահմանության, ինքն ավելի համոզված է մարդու հիմարության անսահմանության մեջ, շատ էլ հույս չկա, թե մարդը նորից չի տրվի երկրագունդը «կթելու» և աղտոտելու իր նախկին մոլուցքին։
-Դուք հաճախ ճամփորդող մարդ եք, ինչպե՞ս եք պատկերացնում ճամփորդելու հնարավորությունից զրկված մարդկության վիճակը մոտակա տարիներին:
-Հատկապես ցավալի է, որ թիրախի տակ հայտնվեցին երկու իմ ամենասիրելի երկրները՝ Իտալիան, որտեղ տասնհինգ տարի է, ինչ մեկնում էի ամառային գործուղման, և Իրանը, որը տեսնելու և ճանաչելու մի անսպառ աշխարհ է, որի մշակույթով և ժողովրդով հիացած եմ։ Ափսոս, իհարկե, ճամփորդելն իրար ճանաչելու, իրարից սովորելու հնարավորություն է, որ ձեռքից բաց է կթողնվի որոշ ժամանակահատված... բայց մյուս կողմից մտածում եմ նաև՝ շատերը բազմաթիվ երկրներ են գնում, իսկ մեր քթի տակ եղած գեղեցիկ վայրերից գաղափար չունեն։ ՈՒզում ենք օտարների հետ շփվել, մինչդեռ հաճախ նույն լեզվով խոսելիս իրար չենք հասկանում։ Ի վերջո, ուրիշներին ճանաչելուց առաջ պետք է ինքներս մեզ, մեր հայրենիքը, մեր պատմությունը ծայրեծայր իմանանք, ինչի հնարավորությունը նույնպես կարող է տալ այս դժվարին ժամանակահատվածը։ Միշտ տարբերակ կա սովորելու, զարգանալու, ստեղծագործելու։ Եվրոպայում արդեն խոսում են իրավիճակի կայունացումից հետո ներերկրյա տուրիզմը զարգացնելու մասին. հրաշալի կլինի, որ մենք ևս այս փուլում շարժվենք այդ ուղիով, ավելի լավ ճանաչենք մեր երկիրը, եթե, իհարկե, տնտեսական իրավիճակը չվատթարանա։ Բոլորս հուսով ենք, որ սա երկրագնդի ու մարդկության համար մի դադար էր, մի «ռեստարտ» (ափսոս, իհարկե, որ մարդկային զոհերի գնով), և որ դրանից դուրս գալով՝ մեր տուն-մոլորակը կտեսնենք ավելի մաքրված, իսկ մարդկանց՝ միմյանց ու աշխարհի հանդեպ ավելի բարեհաճ դարձած։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
- Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
- Երախտագիտություն՝ կինոլեզվով
- Դերենիկ Դեմիրճյան-145
- «Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի»
- «Պետությունը կորցրել է իր դեմքը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք»
- «Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն»
- «Մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան»
- «Եթե մեր մշակույթը լիներ բարձր մակարդակի վրա, մենք այսօրվա ողբերգությունը չէինք ունենա»
- «Մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով»
- «Ի սկզբանե մտածել են արնաքամ անել ժողովրդին, բերել-հասցնել մի վիճակի, որ հետո ասեն՝ դե՜, չդիմացանք, ու ստորագրեն այս փաստաթուղթը»
- «Վերջին տեխնոլոգիաներով զինված հարուստ, անպարտ բանակ, սեփականին զուգահեռ՝ պետական հզոր արդյունաբերություն պիտի ստեղծենք»
- «Եթե հիմա ենք գնում փոխզիջման, դրա տակ ի՞նչ է ենթադրվում. ինքնաոչնչացու՞մ, ինքնասպանությու՞ն»
- «Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ»
- «Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան»
- «Հանուն ազգի, հանուն հայրենիքի զոհվածների հերոսությունը չափանիշների փոփոխության ենթակա չէ»
- «Ինչպես Հիսուսը, այդպես էլ Նարեկացին Աստծուց ներողություն է խնդրում բոլորիս մեղքերի համար»
- «Մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է»
- «Մենք Աստուծոյ փառք կու տանք, որ հայրենիքը կը մնայ հայրենիք եւ մեր մնայուն հասցէն»
- «Կարդում էի այն ստեղծագործությունների ցանկը, որ պատրաստվում են հանելու դպրոցական դասագրքերից, ու սարսափում էի»
Մեկնաբանություններ